«Ուկրաինան ափսոսում է, որ Ղարաբաղում նորից պատերազմ է բռնկվել, պատրաստ է միջնորդ դառնալ, բայց սկզբունքորեն աջակցում է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Ադրբեջանի»՝ BBC-ին հարցազրույցում ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան: Պատասխանելով թուրքական անօդաչուների մասին հարցին, որի արտադրությանը մասնակցում են ուկրաինական ընկերությունները, Կուլեբան ասել է, որ Ուկրաինան ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ են և համագործակցությունը երկու երկրների համար շատ օգտակար է:
«Իբրև երկիր, որ ունի զինված կոնֆլիկտի հետևանքով օկուպացված տարածքներ, մենք անկասկած ցանկացած պետության տարածքային ամբողջականության կողմնակից ենք: Կարևոր չէ՝ Հայաստանի, Ադրբեջանի, թե որևէ այլ երկրի: Ուկրաինան այդ առումով միշտ աջակցել է Ադրբեջանին և Ադրբեջանն աջակցել է Ուկրաինային, այստեղ քննարկելու հարց չկա»՝ ասել է Կուլեբան: Ուկրաինական Мотор-Сич ընկերությունը արտադրում է շարժիչներ թուրքական հարվածային Bayraktar Akıncı անօդաչուների համար, որ շուտով կհայտնվեն թուրքական բանակի զինանոցում ու միջազգային շուկայում: Ադրբեջանական բանակը Ղարաբաղում, փորձագետների գնահատականով, զանգվածաբար կիրառում է այլ մոդիֆիկացիայի Բայրաքթարներ: Այդ անօդաչուներում օգտագործվում են և կանադական սարքեր: Երկուշաբթի Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսու Ֆիլիպ Շամպանը հայտարարեց, որ կարգադրել է հետաքննություն սկսել, իսկ մինչև ավարտը դադարեցնել տեխնոլոգիաների ու սարքավարումների արտահանումը Թուրքիա: BBC-ի հարցին, թե ինչ է լինելու Ուկրաինայի ու Թուրքիայի համագործակցության հետ այդ հարցում, Ուկրաինայի ԱԳ նախարարը պատասխանեց, որ Ուկրաինան մտադիր է ակտիվորեն զարգացնել համագորխակցությունը: «Մենք Թուրքիայի հետ ունենք ռազմավարական խոր համագործակցություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական: Մենք նույնպես անօդաչուներ ենք գնում, մասնակցում ենք արտադրությանը, դրանք շատ հեռանկարային նախագծեր ենք և մենք ծրագրում ենք ակտիվորեն զարգացնել ու նոր նախագծերի անցնել, որովհետև Թուրքիայի ու Ուկրաինայի միությունը կարող է մեծ օգուտներ բերել երկու երկրներին ու տարածաշրջանին»՝ ասել է Դմիտրի Կուլեբան:
Ուկրաինան, ինչպես Ռուսաստանը, անցյալում զենք են վաճառել և Ադրբեջանին, և Հայաստանին: Դմիտրի Կուլեբան գտնում է, որ այդ երկրները զենքի վաճառքի էմբարգոյի տակ չեն և լիակատար իրավունք ունեին զենք գնելու, իսկ Ուկրաինան՝ վաճառելու՝ միջազգային որևէ նորմ չխախտելով: Կուլեբան նաև ասել է, որ Ուկրաինան պատրաստ է միջնորդ լինել Ղարաբաղի խաղաղ կարգավորման, եթե կողմերը հանկարծ խնդրեն: «Պետք է հարցում լինի, որին կպատասխանենք: Այդ պատճառով մենք հիմա հետևում եք կոնֆլիկտին, հույս ունենք, որ կդադարի և նվազագույն զոհերով»՝ ասել է Ուկրաինայի նախագահը: Ադրբեջանը հիմա վճռականորեն մերժում է հրադադարի ու բանակցությունների բազմաթիվ կոչերը, հայտարարելով, որ բանակցությունները հնարավոր են միայն հայկական զինված կազմավորումների՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքից հեռանալուց հետո, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ու հարակից շրջաններից:
BBC
Հ.Գ. BBC-ի թղթակիցները, իհարկե, Ուկրաինայի ԱԳ նախարարին հարց չեն տվել՝ եթե իրենք անցյալ դարակեսին Նիկիտա Խրուշչովի նվերը Ուկրաինային համարում են ուկրաինական տարածք, ու ուզում են վերադարձնել, ինչու հայերը պիտի անցյալ դարասկզբին Ստալինի նվերը Ադրբեջանին՝ թողնեն Ադրբեջանին: Թեպետ ակնհայտ է, որ խնդիրը ոչ այնքան սկզբունքներն են, որքան դոլարները, որ Թուրքիայից հոսում են Ուկրաինա, և հեռու չէ այն օրը, որ Ուկրաինան դառնալու է Վրաստան, որ իր տնտեսությունը հանձնել է Ադրբեջանին ու Թուրքիային և դե ֆակտո կորցրել ինքնիշխանությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ